Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, նախարարների հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Հռոմում G-20 գագաթնաժողովի շրջանակներում:
Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվեց Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը:
«Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ», – ասված է հաղորդագրության մեջ: