Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները շարունակվում են դրական և բարիդրացիական հունով։ Аnadolu-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:
«Որոշ հարցերի շուրջ կարող են տարաձայնություններ լինել, բայց կարևոր է, որ երկու կողմերն էլ խոչընդոտների հաղթահարման լուրջ կամք դրսևորեն», – ասված է դիվանագետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի ԱԳ նախարարության կայքում:
Իրանական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ինքը և իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը կշարունակեն «դրական շփումներն ու խորհրդակցությունները երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման և թյուրըմբռնումը վերացնելու համար»:
Աբդոլլահիյանը պարզաբանել է, որ այդ համատեքստում «կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համագործակցությունը հանրային և մեդիա տարածքի ավելի լավ կառավարման, ինչպես նաև երկու երկրների միջև համատեղ կոմիտեի ստեղծման շուրջ»: