Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ստանալ։ Այս մասին ասված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման տարեդարձի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
«Ռուսական կողմը չի հավակնում մենաշնորհի Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, թեև մեզ այդ երկրների և ժողովուրդների հետ կապում են երկարատև և սերտ բարեկամությունը, բոլոր հարցերի շուրջ լայնածավալ գործընկերությունը», – նշվում է փաստաթղթում: «Մենք կողմ ենք միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ տարածաշրջանային փոխված իրողությունների համարժեք հաշվառմամբ»:
ԱԳՆ-ն նշել է, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է համարձակորեն հերքել սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն այն մասին, որ «Ռուսաստանի խաղաղարար ջանքերն ուղղված էին, իբր, «Լեռնային Ղարաբաղի անջատմանը», Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն: «Նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, միանգամայն ակնհայտ արտաքին պատվեր են և իրականության հետ որեւէ կապ չունեն», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները կողմերին չեն պարտադրվել, այլ հենվել են շահերի հաստատված հավասարակշռության վրա, չափազանց հարգալից վերաբերմունք են նախատեսել Բաքվի և Երեւանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առել գրավյալ դիրքերում, իսկ տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։