Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ նոյեմբերի 10-ին նշանակված «Իմեդի» հեռուստաընկերության գործով Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը կարող է անցկացվել Ռուսթավի թիվ 12 քրեակատարողական հիմնարկում։
Ինչպես պարզաբանել է Բրեգաձեն «Ռուսթավի 2»-ի եթերում՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը խստորեն կոչ է անում, ելնելով անվտանգության նկատառումներից, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դուրս չբերել Ռուսթավի թիվ 12 քրեակատարողական հիմնարկից։
«Խորհուրդ ենք տալիս դատավարություն անցկացնել քրեակատարողական հիմնարկում։ Սա մեր առաջարկությունն է, և բնականաբար, մենք կօգտագործենք բոլոր օրինական միջոցները դրան հասնելու համար։ Դատավարությունը կարող է անցկացվել այլ վայրում, սակայն խստորեն կոչ ենք անում բանտարկյալին դուրս չբերել թիվ 12 քրեակատարողական հիմնարկից։ Հենց նրա անվտանգության շահերից ելնելով՝ մենք պարտավոր ենք պաշտպանել նրան և ապահովել օրինականությունը։
Եթե ինչ-որ սադրանք լինի, ո՞վ է պատասխան տալու։ Անհնար է, որ բոլոր ուժերն ուղղված լինեն սադրանքը ճնշելուն։ Ըստ այդմ՝ խորհուրդ ենք տալիս գործընթացն իրականացնել 12-րդ քրեակատարողական հիմնարկում»,- նշել է Ռատի Բրեգաձեն։
Նշենք, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կալանավայրից գրառում է արել սոցցանցում:
«Քանի որ ես բանտարկված եմ և չեմ կարող մասնակցել գործողությունների օպերատիվ կառավարմանն ու պլանավորմանը, լիովին վստահում եմ բազմակուսակցական և պարզապես ակտիվ մարդկանցից բաղկացած թիմին: Ուզում եմ էմիգրանտներին կոչ անել ակտիվորեն ներգրավվել Թբիլիսիում նախատեսված մեծ միջոցառմանը։ Այսօր ես անհամբեր սպասում եմ Ռուսթավիում շատերի ձայնը լսելուն։ Սա միակ բանն է, որն ինձ կյանք է տալիս և էներգիա տալիս»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին։