Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ իրեն խաբել են բանտային հիվանդանոցում, ուստի նա հրաժարվում է բժշկական օգնությունից: Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Սաակաշվիլին տեղափոխվել է Թբիլիսիի ծայրամասում գտնվող Գլդանիի թիվ 18 բանտային հիվանդանոց։
Նրա անձնական բժիշկը, փաստաբաններն ու համախոհները պնդում էին, որ 40 օր առաջ հացադուլ հայտարարած նախկին նախագահին տեղափոխեն քաղաքային կլինիկա, սակայն իշխանությունները հայտարարել են, որ դա բացառվում է:
«Չնայած իմ կտրուկ մերժմանը՝ նրանք ինձ քարշ տվեցին մեքենայից գետնի վրայով` հանցավորների անպարկեշտ աղաղակների ներքո, և մի քանի անգամ հարվածեցին պարանոցիս, քաշքշեցին մազերիցս և, իհարկե, այդ պահին ես դիմադրեցի»,- ասվում է Սաակաշվիլիի նամակում, որը կարդացել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան:
Նախկին նախագահը պնդում է, որ բանտային հիվանդանոց տեղափոխելու նպատակն իրեն «ֆիզիկապես ոչնչացնելն է»։
Նամակում Սաակաշվիլին նաև աջակցություն է հայտնել Թբիլիսիում իրեն աջակցող ցուցարարներին և հատկապես «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային։ Մելիան և կուսակցական այլ առաջնորդներ նախկին նախագահի տեղափոխումը բանտային հիվանդանոց անվանել են առևանգում:
Գլդանի բանտի հիվանդանոց տեղափոխելուց հետո Սաակաշվիլիին երեկ այցելել է օմբուդսմեն Նինո Լոմժարիան։ Նա լրագրողներին ասել է, որ արտաքնապես նրա վրա ոչ մի վնասվածք չի երևում, բայց բժիշկը պետք է զննի նրան, ինչից Սաակաշվիլին կտրականապես հրաժարվում է:
Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին։ Նա ներգրավված է մի քանի քրեական գործերում։