Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանն անտեսելու է Վաշինգտոնի ոչ կառուցողական պահվածքն ու նոր պատժամիջոցների սահմանումը՝ շարունակելով մեծացնել իր պաշտպանական ներուժը:
ТАСС-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում Աբդոլլահիանը նաև քննարկել է Վիեննայում ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ առաջիկա բանակցությունները: Լը Դրիանը Թեհրանին բանակցությունների անհապաղ վերսկսման կոչ է արել, ինչպես նաև ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության կարևորությունը:
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին վերադառնալու իր հայտարարությունների ֆոնին պատժամիջոցներ էր սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության ցուցակում են հայտնվել նաև Իրանում տեղակայված երկու ընկերություններ: Իրանն էլ ամերիկյան պատժամիջոցների ամբողջական չեղարկումը համարում է գործարքի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ի վերադառնալու հիմնական պայմանը։