Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն տրամադրելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային վաճառել հինգերորդ սերնդի F-35 կործանիչները՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։
«Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Թուրքիայի Հանրապետությանը հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում: Առայժմ մենք գտնվում ենք այդ նախագծի շուրջ բանակցությունների փուլում»,- մանրամասնել է Շուգաևը։
Ավելի վաղ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքն ասել էր, որ Անկարան չի բացառում Սու-35 և Սու-57 ինքնաթիռների գնման հնարավորությունը, սակայն առաջնահերթությունը սեփական հինգերորդ սերնդի կործանիչների մշակումն է։ Իր հերթին, թուրքական առաջատար օդատիեզերական TUSAŞ ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլն ասել էր, որ թուրքական ազգային կործանիչն իր առաջին թռիչքը կիրականացնի 2025 թվականին, իսկ 2029 թվականին նախատեսվում է այն փոխանցել երկրի զինված ուժերին։