Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պատերազմի նոր սրման կապակցությամբ և կոչ է արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին հայտնում է IRNA-ն:
Աղբյուրը նշում է, որ Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կոչ է արել նրանց լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ միջոցներով: Նա ներկա լարվածությունը վտանգավոր է որակել տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի աստիճանական ձեռքբերման համար:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, պատրաստ է օգնել կողմերին վեճերը լուծելու և տարածաշրջանում կայունություն և անվտանգություն հաստատելու համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնյան:
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։