Ադրբեջանի կառավարության ղեկավարի տեղակալ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի հետ, հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը:
Իրանցի նախարարը նշել է, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն, քանի որ երկու երկրներն ունեն նավթի և գազի հսկայական հանքավայրեր:
«Այսօրվա նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հարևան երկրների հետ գազափոխանակման մասին, այդ թվում` Թուրքմենստանից», – հայտարարել է նա:
Օջին, անդրադառնալով Կասպից ծովում նավթի և գազի հանքավայրերին, նշել է, որ ադրբեջանական պատվիրակության հետ նախնական բանակցություններ են անցկացվել, և փորձագետները շարունակում են քննարկումները:
«Հուսով եմ, որ առաջիկա շաբաթներին լավ պայմանավորվածություն ձեռք կբերվի նավթի, գազի, ինչպես նաև Կասպից ծովի նավթագազային հանքավայրերի շահագործման հարցերի շուրջ»,- հայտարարել է նա:
«Իրանն ու Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում են բոլոր ոլորտներում՝ հատկապես էներգետիկ ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները: Մենք քննարկել ենք այս ոլորտում մի շարք նոր նախագծեր։ Հավատում եմ, որ առաջիկայում մեր քննարկումները կպսակվեն նոր փաստաթղթերի ստորագրմամբ»,- իր հերթին հայտարարել է ադրբեջանցի գործիչը։
Հիշեցնենք, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները դեռ բոլորովին վերջերս սրված էին սահմանագծին։