Միխեիլ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, և մենք ունենք ուղղակի ապացույցներ՝ Ղարիբաշվիլիի հայտարարությունների տեսքով: Գորիի զինվորական հոսպիտալում այս մասին ասել է Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբաններից մեկը՝ Դմիտրի Սաձագլիշվիլին։ Նա նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլին շատ թույլ է։
«Նորմալ երկրում խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից հետո մարդուն հնարավորություն կտրվի բուժվել ազատության մեջ, այլ ոչ թե այն վիճակում, որում այժմ գտնվում է Վրաստանի երրորդ նախագահը։ Նորմալ երկրում մարդուն ազատ են արձակում, երբ դառնում է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի զոհ։ Խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը չեն կարող անցնել առանց նրա առողջության և բարոյական կողմի հետք թողնելու։
Քանի որ Միխեիլ Սաակաշվիլին խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ է դարձել, նա պետք է ազատ արձակվի և նրան հնարավորություն պետք է տրվի ազատության մեջ վերականգնել իր առողջությունը և հանգիստ բուժվել։
Բոլոր վճիռները, որոնք կան նրա նկատմամբ, քաղաքական դրդապատճառներ ունեն, և ես այստեղ ենթադրություն չեմ անում։ Երբ պաշտոնապես երկրի առաջին դեմքն ասում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել և կալանք կիրառել, քանի որ նա չի լքել քաղաքականությունը, սրանից կարևոր ոչ մի ապացույց չկա: Սա վկայում է այն մասին, որ Սաակաշվիլին քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձ է։ Նա պետք է կարողանա մասնակցել երկրի քաղաքական կյանքին»,- ասել է Սաձագլիշվիլին։