Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) կրկին կոշտ են արձագանքել երեկ կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ԺՀԿ-ին ուղղված ոչ հասցեական քննադատությանը։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը:
«Բազմակուսակցական քաղաքական համակարգին անցում կատարելուց հետո միշտ եղել են ազգային կամքի գերակայությունը ճանաչելու փոխարեն միակուսակցական ֆաշիզմին աջակցողներ (նկատի ունի ԺՀԿ-ին-թարգմ․)։ Այս համակարգը, որը մեր ազգի ուսերին ծանր ֆինանսական բեռ է դրել, ունի նաև տնտեսական դժվարություններ։ Վերջին 19 տարում մենք ուժեղ քաղաքական կամք, այս պայքարը մղելու կարողություն և վճռականություն ենք ձեռք բերել»,- նշել էր Էրդողանը և ընդգծել, թե երկրում միայն լիրայի արժեզրկման հետ կապված որոշ արտադրանքների գների թանկացումը չի խոչընդոտելու ներդրումները։
ԺՀԿ փոխնախագահ և խոսնակ Ֆայիք Օզթրաքն արձագանքել է Էրդողանի այս հայտարարությանը՝ ընդգծելով, որ «սխալի մեջ համառելն արդեն ուրիշ բան է, սխալվել չէ»։ Օզթրաքը շեշտել է, որ լուրջ խնդիր է այն, երբ մարդու՝ տվյալ դեպքում Էրդողանի միտքը կտրվել է իրականությունից։
«Խնդիրն արդեն սուտ, սխալ տնտեսական կարգախոսներ հորինելուց անդին է։ Այս պահին մեր երկրում շարունակական թանկացում կա։ Դրա անունն աշխարհի բոլոր վայրերում ինֆլյացիա է»,- նշել է ընդդիմադիր գործիչը։