Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաց-ռուսական ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության հետ կապերի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը ՌԴ Դաշնության խորհրդի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հետ: Այս մասին հայտնում են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմին հետաքրքրում էր վրացական կողմի վերաբերմունքը այսպես կոչված տարածաշրջանային խորհրդակցությունների նոր մեխանիզմի («3+3») և այդ համատեքստում նախատեսված կոնկրետ միջոցների նկատմամբ: Զուրաբ Աբաշիձեն ընդգծել է, որ վրացական կողմը չի քննարկում այդ նախաձեռնությանը մասնակցելու հնարավորությունը:
Զրույցի ընթացքում նշվել է, որ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին երկու երկրների առևտրական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ապրանքաշրջանառությունն ավելացել է 21,9 տոկոսով ՝ հասնելով 1,294 մլրդ ԱՄՆ դոլարի։