Հայաստանը դիմել է ՌԴ-ին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների հաստատման հարցում միջնորդություն ցուցաբերելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և այդ ուղղությամբ ջանքեր է գործադրել՝ պատրաստ լինելով է՛լ ավելի խթանել երկխոսությունը։
«Այդ գործընթացի մեկնարկը, անկասկած, կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը և բարիդրացիության և վստահության մթնոլորտի ձևավորմանը»,- ընդգծել է Զախարովան։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը դիմել է Մոսկվային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միջնորդելու խնդրանքով։ Նրա խոսքերով՝ Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը, պատրաստակամություն են հայտնել հանդես գալ որպես միջնորդ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։