Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հայտարարություն են ստորագրել, որի համաձայն՝ առաջիկայում նախատեսվում է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով։
Ներկայացնում ենք հայտարարության առանցքային թեզերը:
– Կողմերը վերահաստատեցին իրենց հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա հետևողական կատարմանը և անվերապահ պահպանմանը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման:
– Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը:
– Կողմերը նշել են ռուսական խաղաղապահ զորախմբի կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում:
– Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև
պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում, որին հաջորդելու է սահմանազատման գործընթացը՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ:
– Կողմերը բարձր են գնահատել 2021 թվականի հունվարի 14-ի հայտարարության համաձայն ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և Ռուսաստանի Դաշնության վարչապետի տեղակալի համատեղ նախագահությամբ տարածաշրջանում՝ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ:
– Կողմերը հստակեցրել են կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու նպատակով։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը այսուհետ ևս անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների կառուցման համար։