Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային բնույթ են կրում:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային բնույթը խորը պատմական արմատներ ունի։ Մենք դա շատ ենք գնահատում և ամեն կերպ կաջակցենք մեր շփումներին», – ասել է Պուտինը։
Նա նշել է, որ տնտեսության մեջ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողը։ «Ճիշտ է, անցյալ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը մի փոքր նվազել է, բայց այս տարի այն զարգանում է արագացված տեմպերով, և հույս ունեմ, որ կհասնենք ոչ միայն մինչհամաճարակային մակարդակին, այլև առաջ կգնանք», – ասել է նա:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ հաղորդակցությունները, տրանսպորտային երթուղիները, որոնց մասին այսօր խոսվել է եռակողմ ձևաչափով, չափազանց կարևոր են տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսության համար:
«Քանի որ մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր ռազմավարական գործընկերոջ հետ այդ հարաբերությունների հուսալիությամբ։ Հուսով եմ, որ մենք առաջընթաց կգրանցենք այս աշխատանքի վերջնական փուլում։ Կան որոշ բաներ, որոնք լրացուցիչ համաձայնեցում են պահանջում, բայց դրանք սկզբունքային բնույթ չեն կրում», – ասել է Պուտինը:
Անդրադառնալով նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպմանը՝ նա նշեց, որ այն օգտակար և ժամանակին էր։ «Հուսանք, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կզարգանան դրական ճանապարհով և ամենամոտ ժամանակներս և հնարավորինս արագ», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը: