Կովկասյան տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումը նշանավորում է տարածաշրջանային զարգացման և ինտեգրման նոր փուլի սկիզբը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Աշխաբադում տեղի ունեցած տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում:
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում ավանդական երթուղիների վերածնունդը, տարածաշրջանում ապրանքների, ուղևորների տեղաշարժի դյուրացումն իր դրական ազդեցությունը կունենա Տնտեսական համագործակցության կազմակերպության առաջընթացի ու զարգացման վրա:
«Մենք նաև կարծում ենք, որ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխություն ոչ միայն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը, այլև ապագայում լարվածության համար հող կնախապատրաստի»,- ասել է նա:
Ռայիսիի խոսքով՝ Կովկասի երկրների միջև համագործակցությունը հիմնված կլինի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի ու այն պահպանելու վրա:
«Իսկ միջազգային կանոնները կապահովեն խաղաղություն, կայունություն, ճանապարհ կհարթեն տարածաշրջանի երկրների առաջընթացի և զարգացման համար: Տարածաշրջանում կայունությունը և միջտարածաշրջանային համագործակցության ձևավորումը, ինչպիսին է Պարսից ծոց-Սև ծով միջազգային միջանցքի ստեղծումը, կարագացնի առևտրատնտեսական մատակարարումները Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամների միջև»,- ասել է Իրանի նախագահը: