Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բուժման մոնիթորինգով զբաղվող բժիշկների կոնսիլիումը նրա մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարում է ախտորոշել։ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է կոնսիլիումի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին:
Նրա խոսքով՝ նախնական արդյունքներով՝ Սաակաշվիլիյի մոտ հաստատվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, ինչը, ըստ կոնսիլիումի ղեկավարի, կապված է բանտում գտնվելու և բռնության փաստերի հետ։
«Կան նաև նյարդաբանական ախտանիշներ: Խոսքը նաև էնցեֆալոպաթիայի մասին է, ինչը հացադուլի հետևանք է»,- ասել է Ջիշկարիանին:
Նա նաև հավելել է, որ Սաակաշվիլին ստացիոնար բազմամասնագիտական վերականգնողական բուժման կարիք ունի:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին, որը Վրաստան է վերադարձել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլից քիչ առաջ, հոկտեմբերի 1-ին կալանավորել և բանտարկել են, քանի որ նախկինում նրա նկատմամբ երկրում հեռակա կարգով վճիռներ են կայացվել երկու քրեական գործերով:
Վրաստանում մի քանի քրեական գործերով նրա նկատմամբ ներքին հետախուզում էր հայտարարվել:
Ավելի վաղ Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել: