Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ 2021թ. դեկտեմբերի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը։ Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ.
– Հյուրանոցներ և կացության այլ վայրեր,
– Սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ` ներառյալ առևտրի կենտրոնների),
– Կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ,
– Սպա և ֆիթնես կենտրոններ,
– Լեռնային հանգստյան գոտիների ճոպանուղիներ։
«Կանաչ կարգավիճակի» պահանջը չի տարածվում մինչև 18 տարեկան անձանց վրա։ «Կանաչ կարգավիճակ» տրվում է, եթե անձը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
– Ամբողջությամբ պատվաստված է,
– Ունի PCR թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 72 ժամ տևողությամբ),
– Ունի Antigen-rapid թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 24 ժամ տևողությամբ),
– Վերջին 6 ամսվա ընթացքում ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից (COVID-19)։