Հայաստանը տարբեր հարցեր է համարում Ադրբեջանի հետ հաղորդակցության բացումն ու սահմանազատման հարցը:
Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, որի համաձայն պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և գործարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ դրան հաջորդած սահմանագծմամբ՝ ՌԴ խորհրդատվական աջակցությամբ։ Սակայն այդ հարցը ոչ մի կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ», – նշել է նա։
Հայաստանի փոխվարչապետը նաև հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ:
«Այդ հարցերի վերջնական կանոնակարգման քննարկում դեռ չի եղել», – ասել է նա: