Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Մի շարք այլ հարցերի շարքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին:
Պուտինը պատմել է, թե ինչպես է տարածաշրջանում ընթանում հրադադարի ռեժիմի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումների իրականացումը:
Հույս է հայտնվել, որ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ Եվրամիության կառույցների ղեկավարների հանդիպումը ևս օգտակար կլինի:
Պաշտպանվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքների ակտիվացման նպատակահարմարությունը։