Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կայունացմանը, երկրների և ժողովուրդների միջև վստահության և բարիդրացիության առողջ մթնոլորտի ձևավորմանը:
Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այս տեսանկյունից Մոսկվան, Զախարովայի խոսքով, ողջունում է վերջին ժամանակներս Երևանի և Անկարայի կողմից ցուցաբերվող տրամադրվածությունը հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ երկկողմ երկխոսություն սկսելու հարցում:
«Այդ նպատակների համար հատուկ ներկայացուցիչների նշանակումները, մեր կարծիքով, տրամաբանական և խելամիտ քայլ են նման փոխադարձ ձգտման զարգացման համար։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- հայտարարել Է Զախարովան։
Նա հավելել է, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթկի առաջին նիստի կազմակերպումը թույլ է տվել հայկական և թուրքական կողմերի ներկայացուցիչներին մասնակցել դրան, ինչը նաև նպաստում է Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ այդ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են կենտրոնանալ գործնական հարցերի վրա, ինչպիսիք են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունը տրանսպորտային և առևտրային ոլորտներում, մշակութային-հումանիտար ոլորտներում, տնտեսական ոլորտում, հակազդեցությունն ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին:
«Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթների բացման հեռանկարը նույնպես համապատասխանում է նման պայմանավորվածությունների նպատակներին և ոգուն: Այդ պատճառով մենք ամեն կերպ կողջունենք Թուրքիայի և Հայաստանի քայլերը, որոնք կնպաստեն երկու երկրների և ժողովուրդների միջև փոխվստահության կառուցմանն ու մերձեցմանը»,- ընդգծել Է Զախարովան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչ կնշանակեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով։ Նա նաև հայտնել էր, որ Երևանի հետ չարթերային ավիահաղորդակցություն կբացվի։