«Զանգեզուրի միջանցքը» կարևոր տրանսպորտային-լոգիստիկ նշանակություն ունի տարածաշրջանի համար, քանի որ հանդիսանում է այլ խոշոր տրանսպորտային երթուղիների՝ «Հյուսիս – հարավ» և «Արեւելք-Արևմուտք» հատման կետը:
Այս մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը։
«Վերջին երկու տասնամյակում Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարել տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքներում։ Ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները ներդրվում են տարբեր տրանսպորտային-լոգիստիկ երթուղիներում, ինչպիսիք են «Արևելք-Արևմուտք» և հակառակը, «Հյուսիս-հարավ» և այլն: Այս առումով միջանցքը մեծ դեր է խաղում, քանի որ այն կետն է, որտեղ մենք տեսնում ենք հատումը ինչպես «Հյուսիս-Հարավ» երթուղու, այնպես էլ «Արևելք-Արեւմուտք» երթուղու», – ասել է Ջաբարովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով ՝ միջանցքի նշանակությունը պայմանավորված է մի քանի պատճառներով։ «Մասնավորապես, մենք խոսում ենք այն ենթակառուցվածքի վերականգնման մասին, որը գոյություն ուներ, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի ժամանակ։ Իրանի և Ադրբեջանի երկաթուղիների մուտքի կետն ու հատման կետը գտնվել են Նախիջևանում, մասնավորապես՝ Ջուղայում», – նշել է նա:
Ջաբարովը նշել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացումը ձեռնտու է ոչ միայն տարածաշրջանի երեք երկրներին, այլև հարևան մեծ երկրներին՝ Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին: «Եվ այս առումով այն ներուժը, որը դրվում է տարածաշրջանի երկրների փոխադարձ առևտրաշրջանառության համար, տարածաշրջանային տնտեսությունների առավել սերտ ինտեգրման համար, անշուշտ, չի կարող գերագնահատվել», – ասել է նախարարը ։