Հյուսիսային Օսիայում «Վերին Լարս» հսկիչ անցակետի հերթում կուտակվել է ավելի քան մեկուկես հազար տրանսպորտային միջոց, այդ թվում՝ հայկական բեռնատար, հայտնել Է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը: Նա դա կապել է այն բանի հետ, որ ճանապարհը նախկինում փակ է եղել։
Դեկտեմբերի 19-ին Հյուսիսային Օսիայից բոլոր մեքենաների մեկնումը ռազմավիրական ճանապարհով արգելվել էր Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով: Դեկտեմբերի 25-ի առավոտյան երթևեկությունը թույլատրվել է մարդատար մեքենաների և ավտոբուսների համար։
«Արդեն հինգ օր է՝ ճանապարհը բաց է։ Թույլատրված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանից Վրաստան «Վերին Լարս» անցակետով»,- ասել է Արամ Թանանյանը:
Սակայն, նրա խոսքով, այն պատճառով, որ Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը երկար ժամանակ փակ է եղել, սահմանին կուտակվել են մեծ թվով տրանսպորտային միջոցներ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ: Իրավիճակը վատթարանում է, քանի որ ամեն օր սահմանին մոտենում են նորանոր մեքենաներ։
Ինչպես նշել է հայ դիվանագետը, մաքսավորներն աշխատում են ուժեղացված ռեժիմով և ամեն ինչ անում են հերթը բեռնաթափելու համար: Ամեն օր անցակետով անցնում է 500-600 մեքենա: Նա պարզաբանել է, որ Գուդաուրի-Կոբի հատվածում պահպանվում է ձնահոսքի վտանգը ցերեկային ժամերին, ուստի երթեւեկությունը հիմնականում ապահովվում է երեկոյան և գիշերային ժամերին: