Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հունվարի 6-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են «3+3» տարածաշրջանային պլատֆորմի ձևաչափով նոր հանդիպում կազմակերպել: Այդ մասին հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարարները դրական են գնահատել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած Հարավային Կովկասի իրադրության կարգավորման և համագործակցության զարգացման շուրջ առաջին հանդիպումը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումը նույն կազմով մոտ ժամանակներս նախապատրաստելու վերաբերյալ։ Սերգեյ Լավրովն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «3+3» բանակցությունների ձևաչափն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ձևաչափը ներառում է անդրկովկասյան երեք երկրներ ՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև երեք խոշոր առանցքային խաղացողներ՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան:
Առաջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում դեկտեմբերի 10-ին։ Վրաստանը հանդիպմանը չի մասնակցել Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով։