Ռուսաստանը ոչ միայն աջակցում է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին, այլև ակտիվորեն մասնակցում է դրանց։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով «3+3» հարթակի մասին։
Լավրովի խոսքով՝ այդ ջանքերը նպաստում են Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը և օգնում են պայմաններ ստեղծել, որպեսզի դեռևս պահպանվող քաղաքական խնդիրները լուծվեն շատ ավելի ակտիվ և արդյունավետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի երեք երկրների և նրա երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև տնտեսական և այլ համագործակցության զարգացման ճանապարհով:
Լավրովը նշել է, որ «3+3» ձևաչափի գաղափարն ակտիվորեն աջակցվել է Մոսկվայի կողմից, երբ այն առաջինը հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այնուհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք այդ հարթակում միանգամից լավ միավորող ներուժ տեսանք, և դրա քննարկման և Մոսկվայում կայացած հանդիպման նախապատրաստման առաջին իսկ օրերից հանդես էինք գալիս այն բանի օգտին, որ մեր վրացի հարևանները ևս ներգրավված լինեն այդ գործընթացում»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ որքան շատ են շփման հնարավորությունները, այնքան լավ է մնացած խնդիրները լուծելու համար:
Լավրովը նշել է, որ ներկայում վրացի գործընկերների հետ շփումը տեղի է ունենում Անդրկովկասի շուրջ ժնևյան քննարկումների շրջանակներում, որոնց ընթացքում, նրա խոսքով, քննարկվում են 2008 թվականի օգոստոսին Վրաստանի ագրեսիայի հետևանքները:
Քննարկումներն անցկացվում են նաև ոչ պաշտոնական երկկողմ շրջանակներում, որն արդեն բավական վաղուց ստեղծվել է Մոսկվայի և Թբիլիսիի միջև:
«Բայց «3+3» ձևաչափով սկսված գործընթացները, իմ կարծիքով, շատ ավելի նշանակալի են, քանի որ քննարկվում են այս ողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարները։ Այժմ, երբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել անցյալ տարվա ռազմական գործողություններից հետո, երբ Ռուսաստանի նախագահի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնագիր են ստորագրել թշնամական գործողությունների ավարտի, առևտրատնտեսական կապերի զարգացման, բոլոր երթուղիների ապաշրջափակման վերաբերյալ, դրանում շահագրգռված են նաև Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը: Ինձ թվում է ՝ Թբիլիսիի շահերից է բխում միանալ այդ ձևաչափին։ Քանի որ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, մենք ավելի քիչ հնարավորություններ ունենք նրանց բացատրելու այդ հարթակի առավելությունները»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ հայ և ադրբեջանցի գործընկերները կարող էին բացատրել այդ առավելությունները Վրաստանի համար:
«Նման միացումը նրանց ոչ մի բան չի պարտադրի»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը: