Հայաստանն ու Թուրքիան պատրաստակամություն են հայտնել երկխոսություն վարել կառուցողական, չքաղաքականացված ճանապարհով։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ հունվարի 14-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն առանձին հանդիպումներ է ունեցել Մոսկվա ժամանած Հայաստանի և Թուրքիայի՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հետ: Հայ և թուրք հատուկ ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել նաև ուղիղ շփում։
«Կողմերը պատրաստակամություն են հայտնել երկխոսություն վարել կառուցողական, չքաղաքականացված, բաց և գործնական արդյունքի ուղղվածության ոգով՝ «փոքր քայլերով» շարժվելով պարզից բարդի ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփման կետերի որոնումը, ինչն կաշխատի ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», – ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: