Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ողջունում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայ-թուրքական շփումների մեկնարկը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
«Մենք ողջունում և աջակցում ենք հայ-թուրքական շփումների մեկնարկին, որոնց նախաձեռնողը Թուրքիան է։ Հավատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նույնպես կպայմանավորի ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը», – հայտարարել է Խալաֆովը։
Նրա խոսքով՝ վստահության ամրապնդման համար պետք է բացվեն երկրների միջեւ կապերը, վերականգնվեն, կարգավորվեն հաղորդակցության ուղիները։ Խալաֆովը նաև հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը: