Այսօր հրապարակված նամակում Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել լրամշակման վերադարձնել վերջերս ընդունված «Մեդիայի մասին» օրենքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանձնակատարը լուրջ մտահոգություն է հայտնել այն առումով, որ նոր օրենքն ընդունվել է առանց լայն և բովանդակալից խորհրդակցությունների: Նա ընդգծել է, որ օրենքը չի համապատասխանում մարդու իրավունքների, խոսքի ազատության և ԶԼՄ-ների ազատության ոլորտում միջազգային չափանիշներին:
«Այս օրենքն է՛լ ավելի է վատթարացնում կարծիքների արտահայտման ազատության և ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակը։ Այն պետական իշխանության մարմիններին լիազորություններ է տալիս լիցենզավորման միջոցով լրագրողների աշխատանքը չափից ավելի սահմանափակելու համար։ Այն նաև հնարավորություն է տալիս սահմանափակումներ մտցնել մեդիա ընկերությունների և կազմակերպությունների ֆինանսական, իրավաբանական և գործառնական գործունեության նկատմամբ»,- նշել է Միյատովիչը՝ ընդգծելով օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությունը խոսքի ազատության և ԶԼՄ-ների ազատության միջազգային և եվրոպական չափանիշներին: