Ադրբեջանը Թուրքիայից գազի լրացուցիչ մատակարարման հարցում է ստացել Իրանից ներմուծումների տեխնիկական խնդիրների կապակցությամբ, որոշում է ընդունվել ավելացնել մատակարարումները, РИА новости- ին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:
Իրանը՝ Թուրքիա գազի խոշոր մատակարարներից մեկը, ավելի վաղ 10 օրով դադարեցրել էր գազի մատակարարումը տեխնիկական խափանման պատճառով: Ավելի ուշ Թեհրանը հայտնել է գազի արտահանման վերսկսման մասին, սակայն Թուրքիայի կառավարությունը հերքել է այդ հայտարարությունները 7 հատուկ պատվիրակություն է ուղարկել Թեհրան՝ իրավիճակը կարգավորելու համար: Թուրքիայում էլեկտրաէներգիայի կեսից ավելին արտադրվում է գազային էլեկտրակայաններում, ինչի կապակցությամբ կառավարությունը ստիպված է եղել շաբաթական երեք օրով անջատել էլեկտրաէներգիան գրեթե բոլոր արդյունաբերական գոտիներում։
«Վերջին օրերին Իրանից Թուրքիա բնական գազի ներկրման հետ կապված տեխնիկական խնդիրների ֆոնին թուրքական կողմը դիմել է Azerbaijan Gas Sales Company-ին (AGSC)՝ խնդրելով գազի լրացուցիչ ծավալներ ներմուծել ժամանակավոր պակասի փոխհատուցման համար։ AGSC-ն ներկայացնում է «Շահդենիզ» կոնսորցիումին մասնակցող ընկերությունները: Թուրքիայից ստացված հարցումը քննարկվել է ընկերությունում։ Որոշում է կայացվել ավելացնել Ադրբեջանից Թուրքիա արտահանվող գազի ծավալը՝ առկա հնարավորությունների շրջանակներում և ծագած պահանջարկին համապատասխան», – հայտնել է Ահմեդովը։