«2021 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հիմնադիր նիստը համարում եմ հաջողված»։
Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Հանդիպման արդյունքներով մենք պայմանավորվել ենք գործընկերների հետ կենտրոնացնել ձևաչափի գործունեությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանում վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված հարցերի շուրջ։ Դրանց թվում են առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար կապերի զարգացումը, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելը։
Որոշվել է նիստերն անցկացնել տարեկան առնվազն երկու անգամ։ Հաջորդ միջոցառման անցկացման հայտերը ստացվել են արդեն մի քանի մայրաքաղաքներից։
Ինչ վերաբերում Է Վրաստանին, ապա բոլոր մասնակիցները հույս են հայտնել, որ այն կմիանա «3+3» – ին: Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։ Կարևոր է, որ տարածաշրջանային գործերը քննարկվեն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ», – նշել է նա։