Արդեն ավելի քան մեկ տարի է` աշխատում է եռակողմ աշխատանքային խումբը։ Ցավոք, մեծ առաջընթաց չի արձանագրվել, բայց կա հարաբերական առաջընթաց։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը սկսել է իրականացնել իր տարածքում բոլոր կոմունիկացիաների բացման աշխատանքները: Նա ընդգծել է, որ անվտանգությունը կարևորագույն հարցերից մեկն է։ Ադրբեջանը, նրա խոսքով, առաջարկել է անվերապահորեն սկսել երկու պետությունների միջև սահմանների դելիմիտացիան։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: «Մենք լավ և ռազմավարական հարաբերություններ ունենք հարևան Վրաստանի հետ։ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի վրա։ Մենք առաջարկել ենք ավելի պարզեցված բազային փաստաթուղթ ստորագրել։ Հուսով ենք, որ Հայաստանն ավելի հեշտ կլինի ընդունել դա, ինչը կարևոր քայլ կդառնա կարգավորման ճանապարհին։ Ես փորձում եմ իրատես լինել, ոչ թե լավատես։ Հավատում եմ, որ Հայաստանը կցանկանա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հասնել»,- նշել է նախարարը։
Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին Anadolu գործակալությանը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել և այժմ պատասխան է ակնկալում հայկական կողմից: