Ադրբեջանի զինված ուժերը հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում, հաղորդում է երկրի պաշտպանական գերատեսչությունը:
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի կողմից որոշումների օպերատիվ ընդունմանը՝ մարտավարական իրադրությանը համապատասխան, ակտիվ ռադիոէլեկտրոնային պայքարի պայմաններում վերադաս շտաբ զեկուցելուն, հրամանները ենթականերին հասցնելուն, մարտի կազմակերպման ունակությունների և հմտությունների կատարելագործմանը:
«Պայմանական հակառակորդի ահաբեկչական խմբավորումները, որոնք հայտնաբերվել են դժվարանցանելի լեռնային տեղանքում, ոչնչացվել են հատուկ գրոհային խմբերի կողմից դրոնների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ, գրավվել են գերիշխող բարձունքներ», – ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հակատանկային ստորաբաժանումների կողմից ուղիղ և կիսակենտրոն նշանառությամբ կրակոցներով ոչնչացվել է պայմանական հակառակորդի զրահատեխնիկան: Զորավարժությունների ընթացքում մշակվել են ավիացիայի հետ փոխգործակցության հարցերը։ ՀՕՊ ստորաբաժանումները գործողություններ են իրականացրել պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցների և անօդաչու թռչող սարքերի դեմ: