Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ դժվար է կանխատեսել, թե երբ կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիրը:
«Դժվար է կանխատեսել։ < … > Ես չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու բարդությունները, բայցև զգում եմ, որ առաջընթացի հասնելու ընդհանուր կամք կա», – Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Միշելը վստահություն է հայտնել, որ այսօր երեկոյան կողմերը «կարևոր քայլ են կատարել ճիշտ ուղղությամբ»: «Դա չի նշանակում, որ ամեն ինչ որոշված է, բայց դա նշանակում է, որ մենք առաջընթաց ենք գրանցել», – ասել է նա:
Եվրախորհրդի ղեկավարը նաև խոսել է բանակցությունների արդյունքների մասին: «Այսօր երեկոյան մենք մեծ առաջընթաց ենք գրանցել։ Դա նշանակում է, որ մենք որոշել ենք սկսել խաղաղ բանակցությունների կոնկրետ գործընթաց, որպեսզի նախապատրաստենք հնարավոր խաղաղ պայմանագիրը և բոլոր անհրաժեշտ տարրերը նման պայմանագրի համար։ Մենք նաև պայմանավորվել ենք աշխատանքային խմբի մասին, միացյալ կոմիտեի մասին՝ դելիմիտացիայի հետ կապված իրավիճակները քննարկելու համար», – հայտարարել է նա։