Շաբաթ օրը ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
«Քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Իլհամ Ալիևի բանակցությունների արդյունքները», – հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ընդ որում, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների ամբողջական իրականացման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Հաստատվել է երկկողմ հարաբերությունների ակտուալ օրակարգի շուրջ սերտ փոխգործակցությունը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, հայտնում է Կրեմլը: