Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը, ով Ռուսաստանի ներկայացուցիչն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակում, կշարունակի աշխատանքը որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով:
Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պատասխանում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստման մասին ԶԼՄ-ների հարցին։ Նա հայտարարել է, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում:
Զախարովայի խոսքով, մինչդեռ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ: Պահանջվում են «տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետագա հետևողական քայլեր, քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը»։
«Այս կապակցությամբ հատուկ հանձնարարություններով դեսպան Ի. Ա. Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր, այն է՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների նորմալացմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Նրա ուշադրության կենտրոնում կլինի հիշյալ խաղաղ պայմանագրի պատրաստման թեմատիկան», – ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Մոսկվան հույս ունի աջակցել Խովաևի ջանքերին Բաքվում և Երևանում դաշնակիցների և գործընկերների կողմից և բաց է այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը կոչված են հիմք ծառայել խաղաղ պայմանագրի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցություններ սկսելու համար:
Նա նշել է, որ այդ թեման ապրիլի 9-ին քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև մեկ օր առաջ Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում: «Ռուսաստանը վճռական է աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը», – ասվում է հայտարարության մեջ: