Ադրբեջանում կենսաբանական զենքի ոլորտում երրորդ կողմի մասնակցությամբ ուսումնասիրություններ չեն կատարվում։ Интерфакс-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտարարել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունում:
ՊԱԾ կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ «վերջին ժամանակներս Ռուսաստանի ներկայացուցիչները բազմիցս, այդ թվում՝ միջազգային միջոցառումների շրջանակներում, որոշակի մտքեր են հնչեցրել Ադրբեջանում երրորդ երկրների ֆինանսական աջակցությամբ կենսաբանական զենքի վերաբերյալ իբր գիտական հետազոտություններ իրականացնող կենտրոնների գործունեության մասին»:
«Ադրբեջանում երբեք չեն գործել նման գիտական կենտրոններ, չեն իրականացվել որևէ հետազոտություն, որը կարող է վնաս հասցնել երկրի բնակչության կամ հարևան պետությունների քաղաքացիների առողջությանը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում ափսոսանք են հայտնել, որ «նման տեղեկատվությունը հնչում է միջազգային միջոցառումների ժամանակ, այդ թվում այնպիսի հեղինակավոր կազմակերպությունում, ինչպիսին ՄԱԿ-ն է, առանց ադրբեջանական կողմի դիրքորոշումն ուսումնասիրելու»:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊԱԾ-ում պատրաստակամություն են հայտնել հետաքննել կոնկրետ փաստեր հակառակ կողմի կողմից դրանց տրամադրման դեպքում: