Մայիսի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Սերիկ Իզթլեուովի գլխավորած պատվիրակության հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զաքիր Հասանովը ղազախական պատվիրակությանը մանրամասն տեղեկացրել է «ազատագրված» տարածքներում իրականացվող աշխատանքների մասին։
Հասանովը խոսել է նաև ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների մասին՝ հաշվի առնելով 2020 թվականի ղարաբաղյան պատերազմում ձեռք բերված փորձը և թուրքական զինված ուժերի մոդելը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է համատեղ զորավարժությունների անցկացումը երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացման գործում։
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև առկա իրավիճակի, ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարների, ռազմական կրթության, ռազմական հետախուզության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Նշենք, որ մայիսի 11-12-ը կայացել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջին պետական այցը Անկարա, որը, ըստ փորձագետների և վերլուծաբանների, նշանավորեց երկկողմ հարաբերությունների նոր շրջանի սկիզբը։ Հաղորդվել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են թուրք- ղազախական ռազմավարական գործընկերության հարցերի լայն շրջանակ՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում կապերի ամրապնդմանը։ Քննարկվել են նաև համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։