Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երաշխավորում է, որ ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» չի բացվի, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք երաշխավորում ենք մեր բնակչությանը, որ մենք երկարաժամկետ խաղաղություն կունենանք։ Երկրում չի լինի ո՛չ մի «երկրորդ ճակատ», ո՛չ մի պատերազմ։ Ընդհակառակը` կլինեն զարգացում, կառուցում և խաղաղություն», – ասել է Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով Ուկրաինայի իրադրությունը:
Գործակալությունը նշում է, որ Վրաստանի վարչապետը փետրվարի 25-ին հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: Մարտի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցությունների համար հետ է կանչել Թբիլիսիից իր դեսպանին: Ղարիբաշվիլիի հայտարարությունը քննադատության են ենթարկել նաև վրացական ընդդիմության ներկայացուցիչները։ Իշխանություններն էլ ընդդիմախոսներին մեղադրել են Ռուսաստանի հետ պատերազմ սանձազերծելու և «երկրորդ ճակատ» բացելու ցանկության մեջ։