Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցություններին։
Դե Վաալն ընդգծում է, որ այսօր հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի բոլորովին այլ դիվանագիտական ձևաչափ: Մինսկի խմբի ձևաչափը մեռած է, սակայն կարևոր է պահպանել նրա փաստաթղթային ժառանգականությունը, նշել է նա:
«Կարևոր է պաշտոնապես չհայտարարել այս ձևաչափի մահվան մասին, քանի որ Մինսկի խումբն ունի որոշակի գործառույթ: Այն ունի համատեղ հայտարարությունների պատմություն, այդ թվում՝ երեք նախագահների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի։ Այսպիսով, առկա է փաստաթղթերի ժառանգականություն՝ կապված Մինսկի խմբի հետ, որը կարևոր է չկորցնել»,- պնդել է դե Վաալը:
Նրա կարծիքով՝ այսօր ՌԴ-ի ու ԵՄ հովանավորությամբ ձևաչափերն ընթանում են զուգահեռ, և Բրյուսելը չի ձգտում փոխարինել Մոսկվայի գործընթացը:
«Այն, ինչ տրամադրում է ԵՄ-ը, մի փոքր այլ բան է: Այն նոր խաղացող է, որին, կարծում եմ, հատկապես դրական է վերաբերում ադրբեջանական կողմը: Այն կապված չէ անցյալի հետ: Նրանք ազնիվ միջնորդներ են, ովքեր չունեն տարածաշրջանում մեծ օրակարգ, ինչպես, օրինակ, ռուսները կամ Թուրքիան և Իրանը»,- պնդել է դե Վաալը:
Ըստ վերլուծաբանի՝ հակամարտող կողմերը պատրաստ չեն այսօր լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, որը կարող է ուժի չկիրառման երաշխիք դառնալ: Դա հատկապես կարևոր է ԼՂ հայության համար, ասում է նա:
Անդրադառնալով Վաշինգտոնի ներգրավվածությանը՝ դե Վաալը նշել է, որ ԱՄՆ-ն այսօր փորձում է աջակցել այս ավելի չեզոք արևմտյան խաղաղ գործընթացին, որն, ըստ նրա, չի հակասում ՌԴ-ի հիմնական նպատակներին կամ 2020 թ.-ի նոյեմբերի հրադադարի հայտարարությանը։