Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հուսեյն Ամիր Աբոլահիանը և Ջեյհուն Բայրամովը մայիսի 14-ին քննարկել են երկկողմ բանակցությունների շարունակման և համագործակցության կարևորությունը։ Ընդգծվել է «երկու երկրների թշնամիների դավադրությունների» դեմ միասնաբար հանդես գալու հարցը։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
«Հուսեյն Ամիր Աբոլլահիանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝ կարծիքներ փոխանակելով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իրանցի նախարարը նշել է, որ 2021 թվականին երկու երկրների նախագահները հասել են առանցքային համաձայնությունների, որոնց լիակատար իրականացմանը ձգտում են հասնել Թեհրանն ու Բաքուն: