Բելառուսը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներին արտաքին ճնշումներին դիմակայելու համար կոչ է անում ուժեղացնել քաղաքական փոխգործակցությունը: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովի բացմանը։
«Ներկա աննախադեպ իրավիճակում ՀԱՊԿ-ի ամրապնդման համար ինչ պետք է անել։ Ես տեսնում եմ այդ քայլերը: Առաջինը ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքական փոխգործակցության և համակարգման ուժեղացումն է: Պետք է բարձրացնել արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդակցությունների մեխանիզմի օգտակար գործողության գործակիցը։ Մենք պետք է միջազգային հարթակներում ՀԱՊԿ-ի անունից ավելի հաճախ հանդես գանք, որպեսզի կազմակերպության ձայնն ու դիրքորոշումը տեսանելի և լսելի լինեն։ Այդ ձայնը և դիրքորոշումը պետք է միասնական լինեն ինչպես Արևմուտքում է»,- ասել է նա։
Լուկաշենկոյի խոսքով՝ միջազգային կառույցի «հակառակորդների և ընդդիմախոսների» կողմից ընթանում է դաշնակցային կապերի պլանաչափ խարխլում: «Եվ դրանում մենք ինքներս մասնակիորեն օգնում ենք Արևմուտքին։ Վստահ եմ, որ եթե մենք միանգամից միասնական ճակատով հանդես գայինք, այդ «դժոխային», ինչպես նրանք են ասում՝ պատժամիջոցներ չէին լինի»,- նշել է նա։
Բելառուսի նախագահն ուշադրություն է հրավիրել Եվրամիության երկրների միասնականության մակարդակի վրա։ «Տեսեք, թե ինչպես է Եվրոպական միությունը մոնոլիտ քվեարկում և գործում։ Որքան ուժեղ է ներդաշինքային կարգապահությունը, այն ավտոմատ կերպով տարածվում է նույնիսկ նրանց վրա, ովքեր համաձայն չեն ընդունված որոշումների հետ։ Հարց է առաջանում, թե ինչն է մեզ խանգարում օգտագործել մեր այս բլոկային ռեսուրսը։ Այստեղ նրանցից մենք պետք է օրինակ վերցնենք: Մեզ պարզապես կճնշեն ու կպայթեցնեն», – նշել է նա։
Լուկաշենկոն կարծում է, որ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր ալիքին դեմ պետք է քաղաքական պատասխան ձևակերպեն: