Թուրքիայի կառավարությունը երկուշաբթի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած նիստում առաջնահերթ կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցերը: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։
Օրակարգում են նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերը և դիվանագիտական ջանքերը, որոնք Անկարան ձեռնարկում է այդ ուղղությամբ: Բացի այդ, կառավարությունը նախատեսում է քննարկել ահաբեկչությանը հակազդելու խնդիրները և Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից երկրում և նրա սահմաններից դուրս՝ Իրաքում և Սիրիայում իրականացվող գործողությունները քուրդ անջատողականների դեմ:
Քննարկման ևս մեկ թեմա կդառնա Թուրքիայի տնտեսության վիճակը՝ կապված բարձր գնաճի հետ, որն ապրիլին հասել է 70 տոկոսի և դեռ աճման միտում ունի, ինչպես նաև դրա հետևանքով շուկայում առաջացած տատանումները, նշում է TRT-ն:
Կառավարության նիստի արդյունքները Թուրքիայի նախագահը, ինչպես միշտ, կամփոփի ազգին ուղղված հեռուստաուղերձում։