Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստման գործընթացը կանցնի «արագացված կարգով»: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ Ալիևի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով:
Նշվում է, որ Ալիևը բարձր է գնահատել Միշելի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստման, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանագծման և սահմանազատման հարցերում: Ալիևը նաև ընդգծել է խաղաղ համաձայնագրի մշակման գործում հինգ սկզբունքների «առանցքային դերը», որոնք ավելի վաղ ներկայացրել էր Բաքվին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:
Ադրբեջանի նախագահը «վերահաստատել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի և սահմանների դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը՝ նշելով, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքների համաձայն՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար Ադրբեջանն ապրիլի վերջին ձևավորել է աշխատանքային խմբի, ինչպես նաև սահմանների դելիմիտացիայի ազգային հանձնաժողովի կազմերը»: