Ադրբեջանն աջակցում է հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գաղափարին և նրա հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ քայլեր ձեռնարկելով այդ ուղղությամբ։ Այս մասին իտալական Nova news պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ Բաքուն հանդես է գալիս բոլոր միջազգային հարթակներն աջակցելու օգտին, որոնք կարող են իրական ներդրում ունենալ այդ նպատակին հասնելու գործում:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարծում է, որ Եվրոպայի խորհուրդը նույնպես կարող է իր ներդրումն ունենալ վստահության ամրապնդման միջոցների իրականացման գործում։ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որը, ըստ աղբյուրի, տեղի է ունեցել վերջերս, Բաքվում դրական են գնահատում։
«Աշխատանքներ են տարվում երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ միջազգային հարթակներում հանդիպումների կազմակերպման ուղղությամբ։ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի թուրինյան նստաշրջանում նման հանդիպում տեղի չի ունեցել, բայց մենք կարծում ենք, որ, ընդհանուր առմամբ, այդ միջազգային շրջանակները կարող են դրական ներդրում ունենալ խաղաղ երկխոսության մեջ»,- ասել է Բայրամովը:
Նա հավելել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ երաշխավորի կայուն խաղաղություն, կայունություն, զարգացում և առաջընթաց միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Բայրամովը հիշեցրել է, որ «մեկուկես տարի է անցել այն բանից հետո, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հռչակագրով վերջ դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին»։
«Չնայած նրան, որ տարածաշրջանում առկա իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարելի է դրական գնահատել, սակայն հայտարարության որոշ դրույթներ մինչ օրս լիովին չեն իրականացվել Հայաստանի կողմից։ Կարծում ենք, որ եռակողմ հռչակագրերի իրականացումը, ինչպես նաև հետագա հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ Բրյուսելում ԵՄ նախագահի մասնակցությամբ երկու երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ, շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղության կառուցման համար»,- ասել Է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: