Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանային գլխավոր հարցերից մեկն է, և Երևանում ընդունել են Բաքվի կողմից առաջարկված փաստաթղթերի վերաբերյալ հիմնարար սկզբունքները:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի։ Հայաստանը փորձել է խուսափել դրանից, քանի որ խաղաղ համաձայնագիրը նշանակում է երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Բայց արդյունքում մենք դրան հասանք, և Ադրբեջանն արդեն որոշել է իր աշխատանքային խմբի կազմը»։ Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահը հայտարարել է Զանգելանի շրջանի Աղալի գյուղի (Կովսական) բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև հայտարարել է, որ «հետկոնֆլիկտային օրակարգի ձևավորման հարցում ձայնի վճռորոշ իրավունքը» Ադրբեջանի օգտին է: Ընդ որում, նրա խոսքով, Ադրբեջանը ոչ իրատեսական պահանջներ չի ներկայացնում։ Հայաստանը, նրա խոսքով, պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Եկեք սահմաններ որոշենք, թող յուրաքանչյուրն ապրի իր երկրում և չմիջամտի միմյանց գործերին»,- նշել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանում հայերի բնակվելուն՝ Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանը բազմազգ, բազմադավան երկիր է և այդ հարցում որևէ խնդիր չի տեսնում»:
«Եվս մեկ կարևոր հարց է «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Հայաստանը միշտ փորձել է խանգարել դրան։ Բայց նորից նայեք բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությունը. արդեն որոշված է, որ և՛ երկաթուղին, և՛ ավտոմոբիլային ճանապարհը անցնում են Մեղրիով և Զանգեզուրով։ Այսինքն՝ մենք դրան հասնում ենք»,- հայտարարել է Ալիևը։