Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հասունացել է վաղուց՝ դեռևս խորհրդային տարիներից։ Այն շատ էր ձեռնտու Վաշինգտոնին՝ որպես լարվածության ստեղծման առիթ։ Այս մասին «Российской газете»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը չէր պատրաստվում այդ տարածաշրջանում կարգավորել խնդիրները, շահագրգռված էր հարևան պետությունների կայուն կյանքին վնաս հասցնող և ժամանակ առ ժամանակ բռնկվող հակամարտություններով:
«Ոչ ոք, բացի Ռուսաստանից, չի ստանձնել այդ խնդրի խաղաղ կարգավորումը… Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաջող միջնորդությունից հետո Մոսկվան ուժեղացրել է իր խաղաղապահ ներկայությունը Հարավային Կովկասում»,- ասել է Նուրգալիևը:
Նա նաև նշել է, որ այսօր Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: