ՀԱՊԿ անդամ պետությունները խորը մտահոգություն են հայտնում միջազգային անվտանգության համակարգի շարունակական դեգրադացիայի կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների կողմից Երևանում ստորագրված հայտարարության մեջ։
ՀԱՊԿ ԱԳՆԽ ղեկավարները հայտարարության մեջ հաստատում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մի շարք փաստաթղթերում ամրագրված հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի անշեղ պահպանման վերաբերյալ դիրքորոշումը՝ ներառյալ ԵԱՀԿ-ի 1999 թվականի Եվրոպական անվտանգության խարտիան և ԵԱՀԿ 2010 թվականի Աստանայի գագաթնաժողովի հոբելյանական հռչակագիրը:
«Այս սկզբունքը յուրաքանչյուր պետության անվտանգության անխզելի կապն է մյուս բոլոր երկրների անվտանգության հետ և այլոց անվտանգության հաշվին որոշ պետությունների անվտանգության ամրապնդման անթույլատրելիությունը։ Կարևոր է ապահովել նրա միատեսակ մեկնաբանությունը ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:
Փաստաթղթով նաև աջակցություն է հայտնվում ՄԱԿ-ի հարթակում երկրների փոխգործակցությանը։ Երկրները հանդես են գալիս միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր դերի հետագա ամրապնդման օգտին, նշվում է հայտարարության մեջ:
ՀԱՊԿ անդամ պետությունները նաև կոչ են անում կառուցել խաղաղություն, որը զերծ կլինի պատերազմներից և հակամարտություններից, բռնություններից և ճնշումներից, զարգացնել համակողմանի, իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն, հաշվի առնելով բոլոր պետությունների և ժողովուրդների շահերը՝ հասնել համապարփակ և կայուն համագործակցության։