Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի բանակի ամրապնդումը՝ ընդհուպ մինչև այն աշխարհի ամենաուժեղ բանակի վերածելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջին վեց տարիների ռազմական գործողությունների հաջողությունները թույլ են տալիս ասել, որ Թուրքիայի ԶՈՒ-ն աշխարհի ուժեղագույն բանակներից է։ Մենք շարունակելու ենք բանակի ամրապնդմանն ուղղված քայլերը՝ ընդհուպ մինչև այն աշխարհի ամենաուժեղ բանակի վերածելը։ Թուրքիայի հետագա զարգացման ճանապարհին մենք հատուկ նշանակություն ենք տալիս Թուրքիայի զինված ուժերի զսպման ներուժի ավելացմանը»,- հայտարարել է նախագահ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում ազգային պաշտպանության համալսարանում։
Թուրքիայի նախագահը նշել է, որ չնայած անձնակազմի որոշակի պակասին, Թուրքիայի զինված ուժերը շարունակում են նոր հաջողություններ գրանցել: Նրա խոսքով՝ թուրքական բանակի հզորությունը դրսևորվում է նաև ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, այդ թվում՝ անդրսահմանային գործողությունների համատեքստում։ «Ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի մինչև այդ սպառնալիքի ամբողջական վերացումը»,- ընդգծել է նա: