Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման հարցին: Նա հայտարարել է այդ ուղղությամբ առաջընթացի բացակայության մասին, թեպետ, նրա խոսքով, կան որոշակի մեսիջներ, քննարկումներ։
Բայրամովի խոսքով՝ հայ հասարակության մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։
«Հայ հասարակության մեջ կան ռևանշիստական կոչեր, բայց կան նաև տարբեր կարծիքներ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ երկարաժամկետ խաղաղության և տարածաշրջանի զարգացմանն այլընտրանք չկա»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Բայրամովը հիշեցրել է, որ Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքներում Հայաստանի համար անընդունելի պահեր չկան։
«Հուսով ենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, քաղաքական գործիչները կհասկանան կարևոր իրականությունը»,- հավելել է նա:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ Բայրամովը հայտարարել է, որ սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացման ամսաթիվը դեռևս որոշված չէ: Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը հեշտ չի լինի, և Ադրբեջանն այդ հարցում կողմնակից է «սահմանների քաղաքակիրթ սահմանմանը, որոնք հիմնված են տարբեր իրավական և պատմական փաստաթղթերի վրա»: