Հունիսի 27֊ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հունական «Կաթիմերինի» պարբերականին: ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի մանրամասները։
Անդրադառնալով Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ բանակցություններին՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է եռակողմ ձևաչափով համագործակցությունը:
«Մինչ այժմ մենք հաջողությամբ մի քանի եռակողմ նախարարական հանդիպումներ ենք անցկացրել, և ակնկալում ենք երեք երկրների ղեկավարների մակարդակով գագաթաժողով հյուրընկալել։
Մեր երկրները փոխգործակցության ու փոխադարձ աջակցության հարուստ փորձ ունեն, և մենք հավատում ենք, որ մեր պետություններն ունեն հսկայական ներուժ՝ խթանելու տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը՝ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության ու համագործակցության ամրապնդման միջոցով:
Միրզոյանն, անդրադառնալով 2020 թվականի պատերազմին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ստատուս քվոյին, նշել է, որ չնայած ադրբեջանական իշխանությունների պնդումներին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը՝ որպես սուբյեկտ, այլևս գոյություն չունի, և որ հակամարտությունն ավարտված է, իրականությունն ու միջազգային հանրության դիրքորոշումը հակառակն են ապացուցում։
«Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի։ Դա ինքնախաբեություն է։ Ավելին, մեր բազմաթիվ միջազգային գործընկերների և կազմակերպությունների, այդ թվում՝ միջնորդ երկրների պաշտոնական հայտարարությունները նույնպես հստակ ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս վերջնական կարգավորում պետք է ստանա բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. կարգավորում, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը, և համապատասխանաբար, դրանից բխող Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- նշել է նա։
Ըստ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն:
«Մինչ Հայաստանն իր գործողություններով ձգտում է վերսկսել խաղաղության համապարփակ բանակցությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, և դրանով իսկ կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունների և ուժի կիրառման սպառնալիքների իր քաղաքականությունը»։
Միրզոյանը վերահաստատել է կայուն խաղաղության հասնելու հայկական կողմի պատրաստակամությունը։ «Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից»,- նշել է նա։